Ամեն ինչ հոսում է, փոխվում է, և նույն գետը երկու անգամ չես մտնի, նույնիսկ եթե այդ գետը հոսում է Հայաստանում կամ Հայաստանից: Պարզվում է՝ ոչ: Որովհետև նույնքան ճիշտ է՝ դարձ ի շրջանս: ՈՒ ընդհանրապես Լուսնի տակ նոր ոչինչ չկա:
Այս նախաբանից հետո հասկանալի է, որ կարող եմ գրել՝ ինչ ուզեմ, շրջանակները կարդարացնեն իրենց ընդհանրական նշանակությունը: Կարող եմ գրել քաղաքականության մասին ու քաղաքական ուժերի, ընտրությունների և ընտրվողների ու ընտրողների ծրագրերի: Նկատե՞լ եք, որ ընտրություններում ուշադրությունը բևեռվում է ընտրվողների ծրագրերի վրա, մինչդեռ ընտրության ելքը կախված է ընտրողների ծրագրերից: Իսկ բոլոր ընտրվողները ունեն մեկ ծրագիր՝ ընտրվել: Կասեք նպատա՞կ է, ոչ, դա իրականում ծրագիր է, որից բխում են նպատակները: Մենք թարսուշիտակում ենք, որից բովանդակությունը չի փոխվում:
Կարող եմ, բայց չեմ ուզում, ուզում եմ ոմանց շնորհավորել, ոմանց ցավակցել: Շնորհավորել նրանց, ովքեր Հայաստանը համարում էին Եվրոպա, և ցավակցել նրանց, ովքեր Հայաստանը համարում էին Ասիա, իսկ Եվրասիա համարողները թող իրենք որոշեն՝ շնորհավորանք, թե ցավակցություն ընդունել: Չհամարեք, որ ես գարունը չեկած՝ գարնանային սրացումների զոհ եմ:
ՀՀ նախագահը գնաց Բրյուսել ու պարզվեց՝ Հայաստանը Եվրոպա է, ճիշտ է՝ հայտնի չէ, թե ինչ կպարզվի, երբ նա պաշտոնական այցով մեկնի Մոսկվա: Բրյուսելում ծրագիրը բուռն էր՝ հանդիպումներ, ելույթներ, հայտարարություններ, ասուլիսներ: ՈՒ ի՞նչ իմացանք:
ՀՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, Եվրաhանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
ՈՒ քանի որ ես այսօր որոշել եմ ընտրել՝ ինչ ուզում եմ, հանդիպումներից կառանձնացնեմ մեկ թեմա՝ Լեռնային Ղարաբաղ: Դոնալդ Տուսկի հետ բանակցություններում թեման, բնականաբար, չէր կարող շրջանցվել: Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ Բրյուսելում արդեն եղել և Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ սկանդալներ եղան, և չկայացած հանդիպումներ, և փոխադարձ դժգոհություն, և հրապարակային գոհունակություն: Եվրոպացիները նրան հիշեցրին մարդու իրավունքները՝ որպես մարդու հիմնարար իրավունք, Ալիևը հիշեցրեց, որ Եվրոպան ռուսական գազին այլընտրանք է որոնում, իսկ իր երկիրն ունի գազ ու նավթ: Ղարաբաղն էլ հիշեցին, հետո Իլհամ Ալիևը վերադարձավ Բաքու, որ ընդունի Լուկաշենկոյի նվերը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի տեսքով՝ մարդու իրավունքները նրան հետաքրքրում են իբրև ոտնահարում: Իսկ Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկը վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում: ՀՀ նախագահն ասել է. «Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում»: Նա շեշտել է, որ դա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ, և շնորհակալություն է հայտնել խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար: Իսկ Տո՞ւսկը: «Մենք նաև քննարկեցինք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահն ասել է. «Մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարոն գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես նկատի ունեմ՝ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար: Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն ակտիվ է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»: Ենս Ստոլտենբերգը պատասխանել է. «Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով՝ ներառյալ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը հետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: ՈՒստի մենք խրախուսում ենք և Հայաստանին, և Ադրբեջանին` վերադառնալու բանակցային սեղանի շուրջ և աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ»:
Կառնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որտեղ Ղարաբաղի թեման առանցքային էր: Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր և լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: «Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն»։ Շատ որոշակի հնչեց՝ եթե Ադրբեջանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, միայն մեկ տարբերակ կա փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ավելի որոշակի հնչեց՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչպես հայտարարում է Բաքուն: «Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:
Ասվեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող: Մինչդեռ Արցախն ու Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը, Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեք արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի: ՀՀ նախագահը պատմեց նաև փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեի մասին, ասաց՝ երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Հետո նա հարցրեց՝ ինչո՞ւ ոչ ՄԱԿ-ի անդամ Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ Արցախը՝ ոչ, և վստահություն հայտնեց՝ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ ԼՂՀ կարգավիճակից:
Հիմնականում այսքանը, համարեք, որ մյուս հանդիպումներում ասվել է նույնը, այսինքն՝ ամեն ինչ և ոչինչ: Գործնականում ՀՀ նախագահը կրկնել է իր բազմիցս բարձրաձայնած տեսակետները և չի առաջարկել նոր ոչինչ, թեպետ ակնհայտ է, որ իրավիճակ է փոխվել: Ակնհայտ է, որ եթե պայմանավորվածություն է եղել, որ նախընտրական շրջանում Ադրբեջանը դադարեցնում է դիվերսիաները ու իրավիճակը չի լարում, խախտում է պայմանավորվածությունը: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են անհասցե ու անողնաշար հայտարարությունները, ու դա ձեռնտու է Բաքվին: Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը այլևս չպետք է ընդունեն այս «դիվանագիտությունը», որը ոչ մի ազդեցություն չունի իրադարձությունները բանակցային հուն վերադարձնելու վրա: ՈՒ ի՞նչ: Համանախագահները չունե՞ն պատասխանատվություն: Նրանք միայն բանակցությունների կազմակերպման միջնո՞րդ են: Լավ, համանախագահները միջնորդ են, իսկ համանախագահ երկրների նախագահները ո՞րերորդ զոհից հետո են հասկանալու, որ քաղաքական զիգզագներում սպանվում են զինվորներ, ու մարդասպանությունը ոչ միայն Բաքվի ռազմատենչ ռևանշի հետևանք է, այլև իրենց թողտվության, իրենց հանդուրժողականության, իրենց անգործունակության: ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի դիվանագիտության և կոնֆլիկտոլոգիայի պրոֆեսոր Քերի Քավանոն հատուկ զեկույցում նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի հետագա լարումը կանխելու քայլեր առաջարկել. 1. հրադադարի անհապաղ վերականգնում, աջակցություն կողմերի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախաձեռնությանը, 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, որը դատապարտում է որևէ լուրջ ռազմական գործողություն, 3. անվանել հակամարտող կողմերի շփման գծում նախահարձակ կողմին, պատժել հրապարակային դատապարտման և տնտեսական օգնության դադարեցման միջոցով կամ պատժամիջոցների: Ի՞նչ է պետք, որ ներկա համանախագահները գոնե այսքանի հանդգնություն ունենան: Ի՞նչ է պետք, որ համանախագահ երկրների նախագահները տարածաշրջանը դադարեն տեսնել իրենց շահերի տեսանկյունից և իսկապես աջակցեն կոնֆլիկտի լուծմանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պատերազմում պարտված Ադրբեջանին ռազմական ռևանշ է պետք, մի ակնկալեք համամարդկային արժեքների ու միջազգային նորմերի ընկալում երկրից, որտեղ միակ արժեքը իշխանությունն է, միակ նորմը՝ նավթադոլարը: Հերթապահ հայտարարությունների անիմաստությունը Հայաստանն ու Արցախը պիտի բարձրաձայնեն՝ դիվանագիտություն չեն հավասարությունն ու անկողմնակալությունը, որ ժամանակի մեջ վերածվում են անհավասարության ու կողմնակալության:
Իսկ ընտրություննե՞րը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, որ պատրաստ են իշխանություն մնալու կամ գալու, այս հարցում պետք է ընտրական դիվիդենդներ չակնկալեն, սա համահայկական հարց է, որի լուծումը վերաբերում է բոլորիս ու բոլորին տարածաշրջանում: 88-ից հարցի պատմությունը ներառել է պետությունների շահեր ու մոռացել մարդուն՝ սկզբում՝ բռնագաղթվածին, հետո՝ զինվորին: Մեր զինվորները պաշտպանում են խաղաղությունը, ո՞վ պիտի նրանց պաշտպանի: «Հայաստանը սահմանամերձ հայրենիք է»՝ ասում էր Վազգեն Սարգսյանը, որ բանակ էր ստեղծում ու ուզում էր տնտեսություն վերականգնել: